National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.10.2010
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եվ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եվ միջազգային պայմանագրերը: 

Ուսուցչի միջազգային օրվա առթիվ հանրապետության ուսուցիչներին ջերմորեն շնորհավորեց եվ բարեմաղթանքներ հղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն սկսված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  կառավարության ներկայացրած  օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի  դրական եզրակացությունը:
 
Օրինագծով նախատեսվում է 2011 թվականի հունվարի 1-ից բենզինը եվ դիզելային վառելիքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ բենզինի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ դիզելային վառելիքի համար` ակցիզային հարկի արժեքային դրույքաչափ:

Նախատեսվում է նաեւ 2014 թվականի հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը հարկման հաստատագրված վճարների համակարգից  տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ ծխախոտի արտադրանքի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից:

Իրենց հարցերում պատգամավորներից շատերը մտահոգություն հայտնեցին, որ օրենքում նախատեսված փոփոխությունները կվնասեն տեղական արտադրողին:

Իրենց ելույթներում զեկուցողներ Սուրեն Կարայանը եվ Վարդան Այվազյանը պարզաբանեցին, որ օրինագծի ներկայացման պատճառներից մեկը ՀՀ կառավարության եվ Արժույթի Միջազգային Հիմնադրամի միջեվ կնքված` 2010-2013 թվականների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրում ամրագրված դրույթն է, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ծխախոտի արտադրանքի, բենզինի եվ դիզելային վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել հարկման ընդհանուր համակարգով: Հայաստանը գործընկերային պարտավորություններ ունի նաեվ Առեւտրի համաշխարհային Կազմակերպության առջեւ:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եվ Արա Նռանյանը: «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:

Խորհրդարանը քննարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ  հիմնավորման` օրինագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը  տվել է ոչ դրական եզրակացություն: Հանձնաժողովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար դեռեւս չեն սպառվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավորությունները, ուստի այս պահին ժամանակավրեպ է նման օրինագծի քննարկումը: Ըստ Շիրակ Թորոսյանի` այն կխանգարի բանակցային գործընթացին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը իր ելույթում տեղեկացրեց, որ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում օրինագծի քննարկումը  եվ ընդունումը:

Օրինագծի վերաբերյալ խմբակցություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ   է նախաձեռնությանը, այլ ոչ թե օրինագծին:  Նրա համոզմամբ չպետք է խանգարել բանակցային գործընթացներին: Նա առաջարկեց «Ժառանգություն»   խմբակցությանը օրինագիծը քվեարկության չդնել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունը դեմ չէ ԼՂՀ ճանաչմանը, սակայն կարծում են, որ հակամարտության կարգավորման համար պետք է շարունակվի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը  նշեց, որ խմբակցությունը դեմ է եղել օրինագծի` այս պահին քննարկմանը, սակայն եթե այն քվեարկության  դրվի, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա իրազեկեց, որ խմբակցությունը կարծում է, որ այս փուլում չպետք է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին : Նա  նկատեց, որ որեւէ հայ, որտեղ էլ նա գտնվի,  դեմ չէ ԼՂՀ-ի ճանաչմանը, սակայն այսօր դրա ժամանակը չի հասունացել:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց հարցը դիտարկել Արցախի ժողովրդի տեսանկյունից: Նա կարծում է, որ օրինագծի ընդունումը  չի կարող վնասել հակամարտության կարգավորման գործընթացին:

Եզրափակիչ ելույթում օրինագծի հիմնական զեկուցող Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց օրինագիծը քվեարկության դնել հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am